Alstom
| Alstom | |
|---|---|
| Տեսակ | rail vehicle manufacturer?, կազմակերպություն և բիզնես ձեռնարկություն |
| Երկիր | |
| Կարգախոս | Mobility by nature |
| Հիմնադրված | 1928 |
| Գլխադասային գրասենյակ | Սենտ Ուեն սյուր Սեն, Ֆրանսիա |
| Ղեկավար | Henri Poupart-Lafarge? |
| Անձնակազմ | 80 183 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] |
| Կայք | alstom.com(անգլ.)(ֆր.) |
Alstom, ֆրանսիական մեխանիկական ինժեներական ընկերություն, երկաթուղային տրանսպորտի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը (աշխարհում երկրորդը՝ Չինաստանի CRRC-ից հետո)[3]: Նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Սենտ Ուեն սյուր Սենում (Փարիզի արվարձան, Ֆրանսիա)։
«Alsthom» ընկրությունը ձևավորվել է 1928 թվականին՝ «Société Alsacienne de Constructions Mécaniques»-ի և ամերիկյան «Thomson-Houston Electric Company» ընկերության ֆրանսիական մասնաճյուղի միաձուլման արդյունքում։ «Société Alsacienne de Constructions Mécaniques»-ը («Էլզասի մեքենաշինական ընկերություն») հիմնադրվել է 1826 թվականին Էլզասում. սկզբնական շրջանում այն արտադրում էր տեքստիլ սարքավորումներ, իսկ 1839 թվականին սկսել է յուրացնել շոգեքարշերի արտադրությունը։ «Thomson-Houston Electric Company»-ն հիմնադրվել է 1882 թվականին Մասաչուսեթսում (ԱՄՆ), իսկ 1893 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է դուստր ընկերություն՝ էլեկտրագեներացնող սարքավորումների արտադրության համար[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Alsthom-ը հիմնադրվել է 1928 թվականին՝ Thomson-Houston Electric Company-ի ֆրանսիական ծանր ինժեներական դուստր ձեռնարկության, Ֆրանսիական Thomson Houston ընկերությունը, CFTH-ի և« Էլզասյան մեխանիկական ճարտարագիտական ընկերության» միավորման արդյունքում[5]։ 1932 թվականին Alsthom ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը տրանսպորտի ոլորտում՝ Տարբ քաղաքում ձեռք բերելով «Ֆրանսիայի էլեկտրատեխնիկական կառույցներ» (Constructions électriques de France) ընկերությունը, որը էլեկտրական շոգեքարշերի, ինչպես նաև էլեկտրական և հիդրավլիկ սարքավորումների արտադրող էր։
1969 թվականին «Alsthom»-ը դարձել է «CGE» արդյունաբերական կոնգլոմերատի (որը հետագայում դարձել է «Alcatel») դուստր ձեռնարկությունը։ 1976 թվականին «CGE»-ն ձուլվել է «Chantiers de l'Atlantique» նավաշինական ընկերությանը, որը միավորվել է «Alsthom»-ի հետ։ 1989 թվականին Նիդերլանդներում գրանցվել է «GEC Alsthom N.V.» ընկերությունը՝ «CGE»-ի և բրիտանական «General Electric Company»-ի համատեղ ձեռնարկությունը, որն ունի շահեր էներգետիկայի և արագընթաց գնացքների ոլորտում։ 1998 թվականի հունիսին «GEC Alsthom»-ի բաժնետոմսերը տեղաբաշխվել են Փարիզի ֆոնդային բորսայում, և շուտով այն դարձել է ինքնուրույն ընկերություն՝ «Alstom» անվանմամբ (առանց «h» տառի)[4][6]։
2003 թվականին «Alstom»-ը հայտնվել է սնանկացման եզրին, և բաժնետոմսերի խոշոր փաթեթը ձեռք է բերել Ֆրանսիայի կառավարությունը։ 2006 թվականին կառավարությունն այդ փաթեթը (21%-ը) վաճառել է «Bouygues» շինարարական ընկերությանը։ Նույն՝ 2006 թվականին նավաշինական ստորաբաժանումը (Սեն Նազերի նավարանը) վաճառվել է նորվեգական «Aker Yards» ընկերությանը։ 2015 թվականի նոյեմբերին ընկերության էներգետիկ բիզնեսն ամբողջ աշխարհում, ներառյալ նաև Ֆրանսիայում (նրա ակտիվների 3/4-ը), 17 միլիարդ ԱՄՆ դոլարով վաճառվել է ամերիկյան «General Electric» ընկերությանը։
2017 թվականի սեպտեմբերին բանակցություններ են սկսվել գերմանական «Siemens Mobility» ընկերության հետ «Alstom»-ի միաձուլման վերաբերյալ։ 2019 թվականի փետրվարին գործարքն արգելափակվել է Եվրահանձնաժողովի կողմից[7]։
2021 թվականին կանադական «Bombardier» ընկերությունից գնվել է երկաթուղային տրանսպորտի «Bombardier Transportation» ստորաբաժանումը։
Սեփականատերեր և կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի դրությամբ խոշորագույն բաժնետերերն էին՝ «Caisse de dépôt et placement du Québec»-ը (կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների կառավարմամբ զբաղվող կանադական ընկերություն՝ 17,38%), աշխատակիցները (1,4%) և ֆրանսիական «Bouygues» շինարարական ընկերությունը (0,15%)։
Անրի Պուպար-Լաֆարժը (Henri Poupart-Lafarge, ծնվել է 1969 թվականի ապրիլի 10-ին) հանդիսանում է տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը 2016 թվականի փետրվարից, ընկերությունում է 1998 թվականից։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունն արտադրում է երկաթուղային լոկոմոտիվներ (СС 72000, СС 72100 և այլ սերիաների ջերմաքարշեր), TGV և AGV սերիաների գերարագընթաց էլեկտրագնացքներ, «Pendolino» սերիայի արագընթաց էլեկտրագնացքներ (մշակված «Fiat Ferroviaria»-ի կողմից), «Coradia» սերիայի տարածաշրջանային գնացքներ, արվարձանային գնացքներ («X'Trapolis» և «Alstom Aventra»), տրամվայներ («Citadis» և «Flexity»), «Alstom Metropolis» մետրոյի վագոններ և «Alstom Innovia» միառելս գնացքներ։
Նախկինում ընկերության կազմում եղել է նաև նավաշինական ստորաբաժանում, որը վաճառվել է 2006 թվականին (ընկերության կողմից կառուցվել են այնպիսի լայներներ, ինչպիսիք են «Նորմանդիա»-ն և «Queen Mary 2»-ը, ինչպես նաև «Միստրալ» տեսակի առաջին ուղղաթիռակիր դեսանտային նավերը)։
TGV սերիայի գերարագընթաց էլեկտրագնացքներն օգտագործվում են «TGV», «Thalys» և «Eurostar» արագընթաց գնացքների օպերատոր-ընկերությունների կողմից։ «Pendolino» սերիայի արագընթաց էլեկտրագնացքներն օգտագործվում են «Eurostar Italia», «Virgin Trains» և «Suomen Valtion Rautatiet» (VR) (Ֆինլանդիա) արագընթաց գնացքների օպերատոր-ընկերությունների կողմից։ 2007 թվականից իրականացվում է «Pendolino» գնացքների սերիայի առաջին «Allegro» արագընթաց էլեկտրագնացքի կազմի արտադրությունը՝ «Karelian Trans LTD» ընկերության պատվերով, որը հանդիսանում է ֆիննական VR-ի և «Ռուսական երկաթուղիներ»-ի համատեղ ձեռնարկությունը[8]։

Բաժանմունքները 2023 թվականի դրությամբ[9]․
- Շարժակազմ․ տարբեր տեսակի գնացքների լոկոմոտիվների և վագոնների արտադրություն («Alstom Transport» դուստր ընկերություն), հասույթի 53%-ը,
- Ծառայություններ․ շարժակազմի վերանորոգում և արդիականացում, հասույթի 23%-ը,
- Համակարգեր․ գծերի անցկացում, էլեկտրիֆիկացում, կապի միջոցներ, կայարանների սարքավորումներ, հասույթի 9%-ը,
- Ազդանշանային սարքավորումներ․ երկաթուղային լուսացուցային ազդանշանային համակարգեր, կառավարման ավտոմատացման համակարգեր, հասույթի 15%-ը։
2022/23 ֆինանսական տարվա հասույթը կազմել է 16,5 միլիարդ եվրո, հիմնական շուկաներն են եղել Եվրոպան (հասույթի 60%-ը, այդ թվում՝ Ֆրանսիան՝ 15%-ը), Ամերիկան (17%-ը), Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (14%-ը), Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Միջին Ասիան (8%-ը)։ Պատվերների պորտֆելը 2023 թվականի մարտի վերջի դրությամբ գերազանցել է 87 միլիարդ եվրոն[9]։
Ամբողջ Ֆրանսիայի տարածքում շահագործվում են «Alstom» ընկերության արտադրության «X 72500» դիզելային գնացքները։
2009 թվականի մարտի 31-ի դրությամբ ընկերության պատվերների պորտֆելը կազմել է 45,67 միլիարդ եվրո (նախորդ տարվա համեմատ աճը՝ 16%)։ 2010 թվականի մարտի 31-ին ավարտված ֆինանսական տարվա հասույթը կազմել է 19,7 միլիարդ եվրո (մեկ տարի առաջ՝ 18,7 միլիարդ եվրո), զուտ շահույթը՝ 1,2 միլիարդ եվրո (մեկ տարի առաջ՝ 1,1 միլիարդ եվրո)[10]։
Խոստումնալից նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Alstom-ի ամենաառաջադեմ երկաթուղային տրանսպորտի արտադրանքը չորրորդ սերնդի AGV արագընթաց գնացքն է[11][12]։
2016 թվականին ներկայացվել է առաջին ջրածնային գնացքը՝ Coradia iLint-ը։
Alstom-ը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականի մարտի 31-ին «Alstom Transport»-ի և «Տրանսմաշհոլդինգ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ 2009-2010 թվականներին «Alstom»-ը ձեռք է բերել մայր ընկերության՝ «Տրանսմաշհոլդինգ» ՓԲԸ-ի կապիտալի արգելափակող փաթեթը (25% +1 բաժնետոմս)[13]։ Արդյունքում երկու ընկերությունները պարիտետային (հավասար) հիմունքներով ստեղծել են «Տեխնոլոգիի ռելսովոգո տրանսպորտա» (ՏՌՏ) համատեղ ձեռնարկությունը (ՀՁ)։ ՀՁ-ն ծրագրում է ստեղծել երեք մասնաճյուղ՝ Նովոչերկասկի էլեկտրաքարշաշինական գործարանի հիմքի վրա (լոկոմոտիվների մշակման համար), Միտիշչիի «Մետրովագոնմաշ»-ի հիմքի վրա (մետրոյի գնացքների, տրամվայների և էլեկտրագնացքների մշակման համար) և Տվերի վագոնաշինական գործարանի հիմքի վրա (ուղևորատար վագոնների մշակում)[14]։
- Ռուսաստանում ֆրանսիական ընկերության և «ՏՄՀ»-ի հիմնական համատեղ նախագիծը ԷՊ20 (ЭП20) մայրուղային ուղևորատար երկհամակարգ էլեկտրաքարշի մշակումն ու թողարկումն է։ 2010 թվականի ամռանը «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԴ/РЖД) ԲԲԸ-ի հետ պայմանագիր է ստորագրվել այդպիսի 200 լոկոմոտիվների մատակարարման վերաբերյալ։ Ակնկալվում էր, որ առաջին էլեկտրաքարշը կթողարկվի մինչև 2010 թվականի վերջը։ Պաշտոնապես առաջին ԷՊ20-ը կառուցվել է 2011 թվականին, թեև 2010 թվականի վերջի դրությամբ այն արդեն գրեթե պատրաստ էր։ 2022 թվականի դրությամբ շարունակվում է ԷՊ20-ի արտադրությունը, իսկ ԷՊ20-ի հանգույցների և ագրեգատների հիման վրա սերիականորեն կառուցվում է փոփոխական հոսանքի 2ԷՍ5 (2ЭС5) բեռնատար էլեկտրաքարշը[11][15][16][17]։
- «Alstom»-ը հանդիսանում է շարժակազմի՝ Սանկտ Պետերբուրգ – Հելսինկի գծի համար նախատեսված «Pendolino Sm6» արագընթաց գնացքների մատակարարը (տե՛ս «Ալլեգրո» (գնացք))[11][18]։
- 2007 թվականին «Alstom»-ի և «Ատոմէներգոմաշ» ԲԲԸ-ի (ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեքենաշինական դիվիզիոնի) կողմից ստեղծվել է «Ալստոմ-Ատոմէներգոմաշ» համատեղ ձեռնարկությունը։ Ստորագրվեց համաձայնագիր ԱԷԿ-ների մեքենայական սրահների արտադրության վերաբերյալ, որոնք համալրված են «Արաբել» («ARABELLE») դանդաղընթաց տեխնոլոգիայի հիմքով ստեղծված սարքավորումներով։ ՀՁ-ի գործունեության հիմնական տեսակների մեջ են մտնում նաև՝ 1200–1800 ՄՎտ հզորությամբ դանդաղընթաց տուրբինների և գեներատորների, գոլորշու գերտաքացման համակարգերի և տուրբինների կոնդենսատորների արտադրությունը, տուրբինային բաժանմունքների ինժեներական ուղեկցումն ու համալրումը, դրանց սպասարկումն ու արդիականացումը։ 2012 թվականի դեկտեմբերին «Ալստոմ-Ատոմէներգոմաշ» ՀՁ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ որոշվել է մեքենայական սրահների սարքավորումների արտադրության հարթակը տեղակայել Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում գտնվող «ԱԷՄ-Տեխնոլոգիի» («Ատոմմաշ» արտադրական միավորում) Վոլգոդոնսկի մասնաճյուղում։ Այնտեղ նաև մեկնարկել է դանդաղընթաց տուրբինի առանձին բաղադրիչների արտադրության նախապատրաստումը՝ Բալթյան ԱԷԿ-ի համար պատվերի կատարման շրջանակներում։ «Ատոմմաշ»-ում առկա է հնարավորություն ցանկացած էներգամեքենաշինական սարքավորման պատրաստման, ինչպես նաև տրանսպորտի բոլոր տեսակներով, այդ թվում՝ սեփական նավամատույցից ջրային տրանսպորտով դրա առաքման համար[19][20][21][22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/alstom?rid=43284012043-03
- ↑ https://www.finanzen.net/bilanz_guv/alstom
- ↑ «Rolling Stock Top Companies» (անգլերեն). Mordor Intelligence. Արխիվացված օրիգինալից 2024-02-19-ին. Վերցված է 2024-02-19-ին.
- 1 2 «Alstom: the key dates of a French industrial jewel» (անգլերեն). France 24. 2017-09-26. Արխիվացված օրիգինալից 2023-09-03-ին. Վերցված է 2024-02-19-ին.
- ↑ «1928 - 2014: l'histoire d'Alstom, de General Electric à General Electric ?». usinenouvelle.com. 2014 թ․ ապրիլի 24.
- ↑ «Alcatel S.A. -- Company History» (անգլերեն). International Directory of Company Histories, Vol. 36. St. James Press. 2001. Արխիվացված օրիգինալից 2024-02-17-ին. Վերցված է 2024-02-17-ին.
- ↑ Rochelle Toplensky (2019-02-06). «EU blocks planned Siemens-Alstom rail deal in landmark decision» (անգլերեն). Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2024-02-19-ին.
- ↑ Скоростное и высокоскоростное движение(չաշխատող հղում) , Октябрьская железная дорога
- 1 2 «Universal Registration Document 2022/23 including the annual financial report» (PDF) (անգլերեն). Alstom S.A. Վերցված է 2024-02-19-ին.
- ↑ Екатерина Дербилова. «Осталось только перейти границу», — Патрик Кронштейн, президент Alstom(չաշխատող հղում) // Ведомости, № 100 (2370), 03 июня 2009
- 1 2 3 Екатерина Дербилова. «Наша цель — удовлетворить РЖД». Интервью: Патрик Крон, глава Alstom Արխիվացված է Օգոստոս 22, 2010 Wayback Machine-ի միջոցով: // Ведомости, № 132 (2650), 20 июля 2010
- ↑ Скорость нового поколения Արխիվացված է Ապրիլ 23, 2014 Wayback Machine-ի միջոցով: // gudok.ru
- ↑ Alstom приобретет блокирующий пакет «Трансмашхолдинга» Արխիվացված է Հունվար 18, 2012 Wayback Machine-ի միջոցով:, gazeta.ru
- ↑ Вагоны для России Արխիվացված է Հունվար 27, 2012 Wayback Machine-ի միջոցով: // Ведомости, № 132 (2650), 20 июля 2010
- ↑ «Трансмашхолдинг» и Alstom подписали договор о разработке в РФ нового электровоза и выпуске его комплектующих Արխիվացված է Սեպտեմբեր 4, 2010 Wayback Machine-ի միջոցով: // ПРАЙМ-ТАСС
- ↑ Е.Р. Абрамов (2015). «Электроподвижной состав Отечественных железных дорог». Արխիվացված օրիգինալից 2018-03-16-ին. Վերցված է 2018-04-16-ին.
- ↑ «Список подвижного состава ЭП20». TrainPix — Выпуск, приписка и фотогалерея. Արխիվացված օրիգինալից 2018-04-17-ին. Վերցված է 2018-04-16-ին.
- ↑ Из Петербурга в Хельсинки по-французски Արխիվացված 2007-09-07 Wayback Machine «Деловой Петербург Արխիվացված է Սեպտեմբեր 22, 2015 Wayback Machine-ի միջոցով:» ISSN 1606-1829 (Online) со ссылкой на РЖД, 5 сентября 2007 года
- ↑ «Безоблачное будущее «Альстом-Атомэнергомаш»» (ռուսերեն). Nuclear.ru. 2012-06-26. Արխիվացված է օրիգինալից 2013-06-27-ին. Վերցված է 2013-10-07-ին.
- ↑ ««Альстом Атомэнергомаш» поставит оборудование для Балтийской АЭС» (ռուսերեն). «РИА Новости». 2012-02-02. Արխիվացված օրիգինալից 2014-03-18-ին. Վերցված է 2013-10-07-ին.
- ↑ ««Атоммаш» приютит СП «Альстом-Атомэнергомаш»» (ռուսերեն). Информационный ресурс «РБК daily». 2012-12-25. Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-10-07-ին.
- ↑ «Донской Атоммаш создаст СП с французами» (ռուսերեն). Российская газета. 2012-12-26. Արխիվացված օրիգինալից 2013-10-02-ին. Վերցված է 2013-09-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alstom» հոդվածին։ |
|